Միջոցառումներ

Շաբաթօրյակ

 

 

 

Մեր շնորհալիները

 

 

Զովաբերի միջնակարգ դպրոցում աշակերտների գեղագիտական դաստիարակության գործում իր մեծ ավանդն ունի իր գործի նվիրյալ, դպրոցի կերպարվեստի ուսուցիչ Ռ. Խաչատրյանը: Նա իր հարուստ փորձն է փոխանցում երեխաներին, նրանց մեջ սեր է արթնացնում դեպի արվեստը, ձևավորում գեղագիտական ճաշակ: Պարբերաբար կազմակերպում է արվեստագետներին նվիրված հոբելյանական ցուցահանդեսներ, որոնցում մանուկ-նկարիչները պարզ գունային լուծումներով արտահայտում են իրենց սերը շրջապատի, հայրենի բնության, հայրենիքի հանդեպ: Նրանք փորձում են հասնել ճիշտ նկարելու գաղտնիքների բացահայտմանը:

Կանանց միջազգային տոնին նվիրված այս ցուցահանդեսին գեղանկարչական որոշակի հմտություններով աչքի են ընկել 9-րդ դասարանի աշակերտներ՝ Խաչիկ Եսայանը և Խաչիկ Մանուկյանը, 11-րդ դասարանից՝ Նունե Եսայանը և Մարատ Հակոբյանը, 8-րդ դասարանից՝ Ռոզմարի Վերմիշյանը, Նարե Հարությունյանը, 7-րդ դասարանից՝ Կարեն Բարեղամյանը, Խաչիկ Կարապետյանը, Նարեկ Ալեքսանյանը, 6-րդ դասարանից՝ Արփի Առաքելյանը, Արփի Հարությունյանը, Վարդուհի Մկրտչյանը, 5-րդ դասարանից՝ Գայանե Խաչատրյանը, Տաթևիկ Կարապետյանը, Գայանե Ոսկանյանը, Մարիետա Հայրապետյանը և Նարինե Ալեքսանյանը:

Ուսուցչի նպատակն է երեխաների մեջ զարգացնել սեր արվեստի նկատմամբ, որը հետագայում կընձեռի բազմակողմանի հնարավորություններ գեղեցիկի զգացողության և գեղագիտական ճիշտ պատկերացումների համար:

Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց, բեկանեմ շանթեր

Հիշում և պահանջում եմ. ահա միջոցառման նշանաբանը, միջոցառում, որ կատարվեց Զովաբերի Ե. Չարենցի անվան միջն. դպրոցում: Օրը նշանակալից էր բոլորիս համար: Հայի մշտարթուն ազգային ցավի ու նախնիների արյան կանչով այստեղ էին հավաքվել ուսուցիչներն ու դպրոցականները բարձրահունչ ոգեկոչելու իրենց ձայնը և՛ որպես աղոթք, և՛ որպես բողոք հղելու հանուն մարդկության խղճի ու արդարության դատաստանի: 1915 թվականին Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում գերեվարված ու խոշտանգված, կտտանքների ենթարկված 1.5 միլիոն նահատակված հայերի համար, այն հողի համար, որն այլևս չկարողացավ շնչել թափված անմեղ արյան հեղեղներից: Այսօր մեկդարյա հեռավորությունից ցավը նույնքան մեծ է, վիշտը նույնքան խոր: Մեր հայրենիքը մեզնից դատարկվեց, բայց ոչ մի վայրկյան, ոչ մի ակնթարթ մենք չենք դատարկվել մեր հայրենիքից, մենք ապավինեցինք մեր հայրենիքում, և հայրենիքը մեր մեջ չսպանվեց: Բայց այսօր համազգային, նաև համամարդկային պայքարի ոգեկոչման օրն է, և այսօրվա միջոցառումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին: Միջոցառումը լեցուն էր սրտառուչ խոսքերով, երգով ու պարով: Ավարտվեց միջոցառումը, սակայն մեր հոգու կրակը չմարեց, որովհետև Ցեղասպանությունը բոլորիս մեջ է:  Աղմկում է անցյալը, պահանջում է ներկան: Մենք հավատացած ենք, որ կգա մի ժամանակաշրջան, ողջ հայությունը կընդունի դա և մեր այս փոքրիկ Հայաստանը նորից կձգվի ծովից ծով: Մենք համոզված ենք, հավատում ենք, հիշում ենք և պահանջում ենք՝ Ճանաչում: